Վարդավառն այն տոներից է, որ Տավուշում նշվում է առանձնահատուկ կերպով: Ամեն հուլիս ամսվա 20-րդ օրվան հաջորդող առաջին կիրակին ընդունված է համարել որպես Վարդավառի օր:
Վարդավառը կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Տոնի պատմությունը գալիս է դեռևս հեթանոսական ժամանակներից: Հնում Վարդավառի տոնը կապում էին հայկական դիցարանի, ջրի, սիրո, պտղաբերության ու գեղեցկության աստվածուհի Աստղիկի հետ: Վարդավառի տոնը նշվում էր ժողովրդական մեծ հանդիսություններով: Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ էին բաց թողնում և միմյանց վրա ջուր ցողում: Ջուր ցողելու սովորությունը պահպանվել է նաև մեր օրերում:
Տավուշի բարբառով Վարդավառն ասում են Վարդևոր և Վրդիվեր: Վարդավառին ընդունված է ջրով ցողել բոլոր պատահական անցորդների վրա: Դա ողջույնի յուրօրինակ դրսևորում է, երբ գործի են դնում ձեռքի տակ եղած բոլոր միջոցները` դույլերը, բաժակները, շշերը, անգամ ջրային ատրճանակները: Եվ այստեղ ոչ մի վիրավորանք չկա, հակառակը, համարվում է, որ ջուրն այդ օրը բուժիչ հատկություն ունի: Այդ պատճառով, եթե Ձեզ ջրել են, ապա դա ձեզ միայն օգուտ և հաջողություն կբերի: Վարդավառը սովորաբար տոնում են լեռներում, անտառներում, գետերի, առուների կամ աղբյուրների մոտ: Հավաքվում են ընկերներով, հարազտներով և մեծ տոնախմբություն կազմակերպում:
Տավուշում Վարդավառի տոնին բնորոշ կարևոր բաղադրիչ է «նազուկ» կոչվող քաղցր հացը կամ «կաթնահունցը»: Տոնի գլխավոր ուտեստը գառան միսն է: Ավանդույթի մասն է կազմում նաև գառան եփած արյունը, որը չուտելը տան տիրոջ համար վիրավորանք է, և նաև փռի մեջ թխած հացը: Եվ իհարկե տոնական սեղաններից չեն պակասում խորովածն ու խաշլաման, թարմ քաշած օղիով և Տավուշի արևահամ մրգերով ու պտուղ-բանջարեղեններով:
Եկե՛ք Տավուշ միասին նշենք Վարդավառը...
Նյութը պատրաստեց` Է. Ջամալյանը
Կեցցես, Էմմա ջան, շատ լավ նյութ ես պատրաստել
ОтветитьУдалитьՇնորհակալ եմ շա՜տ Նազելի ջան))
Удалить